
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի կարծում, որ մետրոյի նոր կայարանի կառուցումը տեղի ունենա 2023 թվականին: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետն ասաց, որ գործընթացը շարունակվում է, համապատասխան ֆինանսական միջոցներ արդեն հատկացվել են նախագծման աշխատանքների համար, որից հետո արդեն կսկսեն կառուցման աշխատանքները:
«Մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքները նախագծման փուլում են: Այդ աշխատանքները պատրաստ կլինեն հաջորդ տարի հունիս-հուլիս ամիսներին, որից հետո պետք է մրցույթ հայտարարվի մետրոյի նոր կայարանի շինարարության համար»,-ասաց նա:
Հրաչյա Սարգսյանը ճեպազրույցի ընթացքում նշեց, որ որոշում կա, որով Երևանի քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է լինելու:
«Այդ որոշմամբ շարժվում ենք առաջ: Ես միշտ էլ ասել եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում կան ծրագրեր, որոնք որ ես ցանկանում եմ, որպեսզի շարունակվեն և չկանգնեն: Ցանկացած դեպքում էստաֆետը միշտ պետք է փոխանցվի»,-ասաց նա:
Այն հարցին, թե ընտրություններից հետո կմնա արդյոք Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանում, նա պատասխանեց, որ չի կարծում:
«Դեռ չեմ որոշել ինչ եմ անելու»,-պարզաբանեց նա: