Նիկոլ Փաշինյանը հիվանդագին մոտեցում ունի նախորդ իշխանությունների կարկառուն դեմքերի նկատմամբ։ Փաշինյանի համար անընդունելի կերպարներ են անգամ նրանք, ովքեր որևէ տեսակի հարաբերություն են պահպանում նախկին համակարգի ներկայացուցիչների հետ։ Սակայն «նախորդների» շարքում կա մեկը, որի նկատմամբ Փաշինյանը ոչ միայն հարցեր չունի, այլև նրա իշխանության տարիներին նորահայտ օլիգարխ դարձածներից մեկը դարձել է այդ մարդու հովանավորը։
Խոսքը Հովիկ Աբրահամյանի մասին է, որի հովանավորն է ՔՊ-ի օրոք օլիգարխացած Նարեկ Նալբանդյանը։ Փաշինյանի օրոք Հովիկ Աբրահամյանը կարողացավ անգամ ապօրինի գույք հանդիսացող իր Մոնումենտի առանձնատունը հանել կալանքի տակից և վաճառել Նարեկ Նալբանդյանին։ Սա աֆյորա էր, որը նույնիսկ Կոպերդֆիլդը չէր կարող կյանքի կոչել։
Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես է ստացվել, որ նախկիններին իբր ատող Նիկոլ Փաշինյանը այդքան հանդուրժող է Հովիկ Արգամիչի նկատմամբ։ Պատճառները տարբեր են, սակայն նախընտրական այս փուլում, ըստ շրջանառվող լուրերի, պատճառը մեկն է․ Արարատի մարզում հենց Հովիկ Աբրահամյանն է լինելու ՔՊ-ի առերևույթ ստվերային շտաբի պետը։
Աբրահամյանը լավ է տիրապետում իշխանության համար ձայներ հավաքելու մեխանիզմներին և առաջիկա ընտրություններում աշխատելու է ՔՊ-ի օգտին։ ՔՊ-ականներն ընդունում են նրա առաջնորդությունը ձայներ հավաքելու գործում, և մարզային կուսակցականները պատրաստ են աշխատել այնպես, ինչպես կասի Արգամիչը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ եթե մարզում անհրաժեշտ թիվը ապահովվի, ապա ընտրություններից հետո Հովիկ Արգամիչին պայծառ օրեր են սպասվում։



