Թեհրանը երաշխավորում է, որ Հորմուզի նեղուցը բաց կլինի, եթե ԱՄՆ-ն ընդունի իրողությունները տեղում, հրաժարվի իր առավելապաշտական պահանջներից և Իրանի ինքնիշխանության խախտումից: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում լրագրողներին հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն:
«Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի տարածքային ջրերում: Այն Իրանի տարածքի մի մասն է: Եվ այն հազարամյակներ շարունակ բաց է մնացել Իրանի որոշմամբ: Իրանը չափազանց վճռական և պատասխանատու խաղացող է: Մենք մեծ նշանակություն ենք տալիս այն բանին, որ այդ նեղուցը միշտ մնա բաց», - ասել է նա:
Սակայն այժմ, նրա խոսքով, «անհրաժեշտ է ընդունել նոր կանոններ»: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը «պահանջում է դա ոչ միայն անվտանգության նկատառումներից ելնելով, այլև անվտանգ անցման և բնապահպանական հարցերի ապահովման համար»:
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հորմուզի նեղուցը հավերժ կմնա խաղաղության և անդորրի նեղուց, եթե այս պատերազմը մեկընդմիշտ ավարտվի, իսկ ամերիկացիները հրաժարվեն իրենց առավելապաշտական դիրքորոշումներից և ընդունեն իրողությունը տեղում, ընդունեն արդար, հավասարակշռված և հավասար պայմաններ (լիարժեք կարգավորման համար): Այսինքն, եթե նրանք ընդունեն այն փաստը, որ ոչ ոք չի կարող հարձակվել մեկ այլ երկրի վրա՝ խախտելով միջազգային իրավունքը, և որ Իրանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը պետք է պահպանվեն», - հավելել է Խաթիբզադեն:



