Հորինված ռազմական հեղաշրջում. ովքեր են Արցախի...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Արցախի և Հայաստանի միջև բաժանարար գծեր գծողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Մինչ Փաշինյանը այս ամենում մեղադրում է նախկին իշխանություններին, նրա շուրջ համախմբված ուժերն են պառակտիչ գործողություններ իրականացնում: Փաշինյանի հեղափոխությանը աջակցած «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող օրաթերթը ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե  Երևանում հավաքվել են ղարաբաղյան գեներալիտետի եւ հայ օլիգարխիայի ներկայացուցիչները, որոնք երդվել են տապալել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

Այն, որ նման հավաք տեղի չի ունեցել, արդեն իսկ հերքել է գեներալ Սամվել Կարապետյանը, ով, ըստ հրապարակված հոդվածի, հավաքի կազմակերպիչն է եղել.«Ես հայտարարությամբ եմ հանդես գալու: Ո՞նց կարելի է ազգը երկու մասի բաժանել: Զոհվելու, կյանքը տալու ժամանակ միասին են զոհ տալիս, բայց խաղաղ ժամանակ անջատվո՞ւմ են, դա ես չեմ կարողանում հասկանալ: Արյուն թափելուց միասին ենք թափում, բայց հենց խաղաղություն է լինում, ի՞նչ է, ազգը պետք է երկու մասի բաժանվի՞, իրար ուտե՞ն»,- Թերթ.am լրատվականի հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանը:

Գեներալի հերքումը, սակայն, չպետք է փակի այս թեման: Փաստացի, ԱԺ պատգամավորին պատկանող լրատվամիջոցը խոսել է ռազմական հեղաշրջման մասին և դրա մեջ մեղադրել արցախցի գեներալներին: Եվ եթե վարչապետ Փաշինյանը իրականում ցանկանում է իմանալ, թե ովքեր են բաժանարար գծեր քաշում Արցախի և Հայաստանի միջև, ովքեր են փորձում վատ լույսի ներքո ներկայացնել Արցախի հայությանը, ապա պետք է իրեն աջակցող պատգամավոր Արման Բաբաջանյանին հարցնի, թե որ կենտրոնների աջակցությամբ է հորինված ռազմական հեղաշրջման մասին գրում:

Ի դեպ հետաքրքիր է հիշել նաև, թե ով է գեներալների դեմ ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցի սեփականատերը: Արման Բաբաջանյանը դատապարտվել է փաստատթղթերի կեղծման համար: Նա այդ քայլին գնացել էր, որպեսզի ազատվեր զինվորական ծառայությունից: Դատաքննության ժամանակ էլ նա ցուցմունք էր տվել, թե իր մայրն է փաստաթղթեր կեղծողը և ոչ թե ինքը: