Հորդորում եմ չհորդորել փաստաբաններին, թե ինչպ...

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հարգելի Բարձրագույն դատական խորհուրդ, հորդորում եմ չհորդորել փաստաբաններին, թե ինչպես պաշտպանել մեր վստահորդներին, հակաիրավական հայտարարություններով չսահմանափակել ազատ կարծիք արտահայտելու և մեր վստահորդների շահերը օրենքով չարգելված միջոցներով պաշտպանելու մեր իրավունքները:

Ոչ մեկին չի հաջողվելու Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված փաստաբանների իրավունքների բովանդակությունը ձևափոխել և հարմարեցնել ներկայումս երկրում տիրող աննախադեպ հակաիրավական գործընթացներին:

Դուք գործ ունեք ինքնաբավ, իրավագիտակից, համարձակ և անարդարությունների դեմ պայքարող պրոֆեսինալ հանրության հետ, և ձեր կամ իշխանությունների ճաշակով չէ, որ մենք պետք է քննադատենք ապօրինությունները և դրվատենք օրինականությունը:

Ուստի, հաջորդ անգամ այսօրինակ ապօրինի հայտարարություն անելուց առաջ, մտածե՛ք, որ ուղղակիորեն միջամտում եք փաստաբանական գործունեությանը, որն արգելված է օրենքով:

Փաստաբաններին լռեցնելու փորձ կատարելու փոխարեն, ես կարծում եմ, որ պետք է զբաղվեք ձեր իրական առաքելությամբ, հետամուտ լինեք դատական իշխանության հեղինակությանը վնասող և շատ անգամ առերևույթ հանցակազմ պարունակող դատական ակտերին, «քաղաքական կալանքների» քննությունը մշտապես նույն դատավորներին մակագրվելու դեպքերին և դատական համակարգին վերաբերող այն բոլոր խնդիրներին, որոնք «դանայան տակառի» նման անսպառ են և սպանում են մեր հասարակությանն հավատն առ արդարադատություն»։