Նախօրեին տեղացած հորդառատ անձրևից առաջացած սելավը վնասներ է պատճառել Սարատակ գյուղի մի քանի տներին ու տնամերձ հողամասերին։ Ջրի հոսքը վնասել է նոր քաղած ու դեռ չպահեստավորած հացահատիկի բերքը։ Գյուղի հիմնականում 5-րդ փողոցի տները միշտ հեղեղումների վտանգի տակ են, իսկ պատճառը վերջին տարիներին սելավատարներին շատ մոտ կատարված կառուցապատումներն են, ինչի հետևանքով ջրի հունը փոխվել է և ամեն անգամ տեղումներից հետո տնտեսություններն են տուժում:
Գյուղի 5-րդ փողոցի տները վերջին մի քանի տարիներին միշտ տուժում են վարարումներից։ Պատճառը սելավատարի վրա և հարևանությամբ կատարված կառուցապատումներ են։ 60-ականներից գործող սելավատարները թեև առանց տաշտակների էին, բայց ջուրն իր ճամփով հոսում էր։ Հիմա այդ հողե սելավատարներն էլ չկան։ Գյուղի բնակիչները տարբեր հատվածներում շենքեր են կառուցել, փակել տների մոտով անցնող առուների հունը, ինչի հետևանքով անձևաջրերը հոսում են հենց գյուղի կենտրոնական 5-րդ փողոցով։
Նոր առուներ կփորվեն, երբ 5-րդ փողոցը հիմնանորոգվի։ Իսկ փողոցի հիմնանորոգումն ընդգրկված է եղել 2021 թվականի սուբվենցիոն ծրագրում, բայց ստացվել կամ հաջողել էր այնպես, որ անցած տարի 5-ի փոխարեն սաֆալտապատել էին 4-րդ փողոցը, որը պարզվեց 5-րդի շարունակությունն էր։
«Սուբվենցիոն հայտով ներկայացված է եղել 4-րդ և 5-րդ փողոցները, 2021-ին ասֆալտապատվել է 4-րդ փողոցը, իսկ 5-րդը նախատեսված է հաջորդ տարի հիմնանորոգել»,- նշում է Սարատակի վարչական ղեկավար Դավիթ Վարդանյանը։
2021-ի սուբվենցիոն ծրագրում ընդգրկված 5-րդ փողոցը, որն ընդամենը 300 մետր երկարության է, 2022-ի փաթեթներում էլ չի ընդգրկվել։ Հաջորդ տարվա ծրագրերում հայտնվելու խոստում բնակիչներին եղել է այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ փաստաթղթերով այն ներկայացվել էր իբրև հիմնանորոգված։ Իսկ հերթական հեղեղումները կանխելու համար ժամականավոր լուծում է տրվելու, փողոցի հողաշերտը 15-20 սանտիմետրով իջեցվելու է։



