
Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում արձանագրված առաջընթացը՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը X-ի հարթակում։
Հորդանանի ԱԳ նախարարության խոսնակ Սուֆյան Ալ-Կուդահը հաստատել է Թագավորության աջակցությունը բոլոր ջանքերին, որոնք ուղղված են վեճերը խաղաղ ուղիներով լուծելուն և կարգավորելուն, ինչն արտացոլում է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու խաղաղության ամրապնդումը:
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։