Հոկտեմբերի 27-ը մի ոճրագործություն էր, որի չբացահայտումը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու: Այդ մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ պետք է Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտվեր հոկտեմբերի 28-ին, որպեսզի «որդը մեզ չհոշոտեր ամեն օր», և որ մենք իրար մեջ պետք է թշնամիներ չփնտրեինք:
Անդրանիկ Քոչարյանը, խոսքն ուղղելով Աննա Վարդապետյանին, ասաց, որ դատախազությունը երկրի առողջացման, արդարացման գործում ամենակարևոր ինստիտուտն է, հիշեցրեց, որ հիմնական վկաների մեծ մասը մահացել են տարօրինակ ձևով, ապա, խոսքն ուղղելով ՀՀ գլխավոր դատախազին, ասաց՝ եթե «մեծ ուժեր» կանգնած չլինեին այս ամենի հետևում, նման տարօրինակ մահեր չէին լինի:
«Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտված լիներ հոկտեմբերի 28-ին: Այսօր 2025 թվականն է, մայիսի 8-ը, Երկրապահի օր, չեմ գնացել… Ի՞նչ պետք է ասեի Վազգեն Սարգսյանի գերեզմանին նստելիս, խունկ վառելիս: Էմոցիոնալ բան եմ ասում, բայց դա իրականում գոյություն ունի շատ-շատերի հիշողության մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է բացահայտվի ինչպես Հոկտեմբերի 27-ը, այդպես էլ Մարտի 1-ը:
Խոսքը կրկին ուղղելով Աննա Վարդապետյանին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Տվե՛ք մեզ հեռանկար՝ օր առաջ Հոկտեմբերի 27-ի թեման փակելու, բայց իրական բացահայտում է մեզ պետք, որովհետև կարևոր վկաները դեռ կան, իսկ մահացածների առկայությունը հնարավորություն է տալիս գտնել՝ ինչ ուժեր կարող էին լինել սրա հետևում: Դրանք շատ ազդեցիկ կարող էին լինել»:
Ավելի վաղ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել էր, որ Հոկտեմբերի 27-ի քրեական գործի քննությունը ակտիվ նախաքննության փուլում է, և որ այն իրականացվում է պատշաճ դատախազական հսկողության ներքո։



