Հոկտեմբերի 27-ի մասին ինձ վերագրվող հայտարարո...

ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անհեթեթություն է համարում հայկական որոշ լրատվամիջոցներից ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված հրապարակումներն այն մասին, թե «Հոկտեմբերի 27-ը կազմակերպել ու իրականացրել են ռուսական հատուկ ծառայությունները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ»։

 

«Դրանք սադրանքներ են, որոնք միտված են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուն, այն պարագայում, երբ սկսվել է հարաբերությունների առողջացման գործընթաց։ Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները պարզապես չի ստացվի փչացնել», հայտարարեց Քոչարյանը։

Պատգամավորը ներկայացրեց, որ հայկական որոշ կայքերի միջոցով նման տեղեկատվության տարածման թիրախում ոչ միայն ինքն է, այլ նաև Հայաստանի իշխանությունները.«Այն, ինչ վերաբերում է երկրի անվտանգությանը, պետք չէ մտնել խարդավանքների մեջ։ Եթե այդպես է, ապա դրան պետք է միջամտեն երկրի անվտանգությունն ապահովող մարմինները»:

ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն ասաց նաև՝ պաշտոնական Մոսկվայից որևէ արձագանք չի ստացել նման հրապարակումներին.«Պաշտոնական Մոսկվան կարողանում է ֆիլտրել տեղեկությունները»։