Հնդկաստանը սկսել է աշխարհի խոշորագույն մարդահ...

Հնդկաստանում սկսվել է վերջին 15 տարվա ընթացքում առաջին մարդահամարը, որն իր տեսակով ամենախոշորն է աշխարհում։ Գործընթացին ներգրավված է ավելի քան երեք միլիոն աշխատակից, իսկ նախապատրաստական աշխատանքները տևել են մեկ տարուց ավելի։

Ինչպես հայտնում է Bild-ը, մարդահամարն անցկացվում է թվային տարբերակով. տվյալները հավաքվում են բջջային հավելվածների միջոցով, իսկ բնակիչներն առաջին անգամ հնարավորություն ունեն հարցաթերթիկներն ինքնուրույն լրացնել (առցանց)։ Իշխանություններն այս նախագիծն անվանում են երկրի պատմության մեջ «ամենամասշտաբային վիճակագրական առաջադրանքը»։

Մարդահամարն անցկացվելու է երկու փուլով։ Սկզբում իշխանությունները տվյալներ կհավաքեն բնակարանների և կենսապայմանների մասին, իսկ 2027 թվականին կսկսվի հիմնական փուլը՝ բնակչության բուն հաշվառումը։ Հաշվի են առնվելու եկամուտները, կրթությունը, միգրացիան և այլ ցուցանիշներ։ Ըստ հաշվարկների՝ այսօր Հնդկաստանում ապրում է ավելի քան 1,4 միլիարդ մարդ, և երկրին թարմ տվյալներ են անհրաժեշտ՝ սոցիալական ծրագրերը ճիշտ պլանավորելու համար։

Ամենազգայուն հարցերից մեկը լինելու է կաստայական պատկանելության նշումը։ Չնայած խտրականության պաշտոնական արգելքին՝ կաստայական համակարգը դեռևս ազդում է միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, և քննադատները մտավախություն ունեն, որ նման տվյալների հավաքագրումը կարող է սրել սոցիալական լարվածությունը։