Հնդկաստանը նվազեցնում է եվրոպական մեքենաների...

Հնդկաստանը նախատեսում է նվազեցնել Եվրոպական միությունից ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ մաքսատուրքը՝ ներկայիս 110%-ից այն հասցնելով 40%-ի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրների։

Ըստ նրանց՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համաձայնել է անմիջապես նվազեցնել մաքսատուրքն ավելի քան 15 000 եվրո արժեցող սահմանափակ քանակով մեքենաների նկատմամբ։ Ըստ աղբյուրներից մեկի՝ դա կարող է տարածվել ներքին այրման շարժիչով շուրջ 200 000 մեքենայի վրա։ Այնուհետև մաքսատուրքը կնվազեցվի ևս 10%-ով՝ ավելի հասանելի դարձնելով հնդկական շուկան եվրոպական այնպիսի ավտոարտադրողների համար, ինչպիսիք են Volkswagen-ը, Mercedes-Benz-ը և BMW-ն։

Առաջին հինգ տարվա ընթացքում մաքսատուրքի այս նվազումը չի տարածվի էլեկտրամեքենաների վրա՝ պաշտպանելու ներքին արտադրողների ներդրումները։

Ակնկալվում է, որ ԵՄ-ն և Հնդկաստանը հունվարի 27-ին կհայտարարեն ազատ առևտրի շուրջ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, որից հետո կողմերը կվերջնականացնեն մանրամասները և կվավերացնեն այն։

Համաձայնագիրը կարող է ընդլայնել երկկողմ առևտուրը և մեծացնել հնդկական ապրանքների, օրինակ՝ տեքստիլի և զարդերի արտահանումը, որոնք օգոստոսի վերջից ի վեր տուժել են ԱՄՆ-ի 50% մաքսատուրքերի պատճառով։