Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքներ...

Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշի նահանգում ուժգին ջրհեղեղներից, ամպրոպից և սողանքներից, ենթադրաբար, տասնյակ մարդիկ են զոհվել, 30 մարդ անհետ կորած է։ Այս մասին հայտնում է The Independent պարբերականը։

Անհետ կորածներին գտնելու նպատակով որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում անօդաչու թռչող սարքերի և տարբեր արձագանքման ուժերի անձնակազմի 250 անդամների մասնակցությամբ։

Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը կանխատեսել է շարունակական տեղատարափ անձրևներ նահանգի մի քանի շրջաններում, ինչը մտահոգություններ է առաջացնում հետագա ջրհեղեղների և սողանքների վերաբերյալ: Նահանգի առանձին վայրերում մինչև հուլիսի 10 հայտարարվել է հորդառատ անձրևների մասին դեղին մակարդակի նախազգուշացում:

Ամենաշատ տուժած շրջաններից մեկը Մանդին է, որտեղ նախորդ շաբաթ տեղի ունեցած 10 ամպրոպի հետևանքով մեկ օրում 14 մարդ է մահացել, գրանցվել են զանգվածային ավերածություններ։

Տարածաշրջանում տեղի ունեցած ջրհեղեղների, սողանքների և ամպրոպների հետևանքով հունիսի 20-ից ի վեր զոհվել է առնվազն 80 մարդ։

Հարյուրավոր տներ, խանութներ, ճանապարհներ և կամուրջներ են ավերվել, ավելի քան 240 ճանապարհներ ներկայում փակ են, մասնավորապես՝ ամենաշատ տուժած Մանդիի շրջանում։