Հնդկաստանին անհանգստացրել է Չինաստանի կողմից...

Հնդկաստանն անհանգստացած է Չինաստանի կողմից «Ցամաքային սահմանների մասին օրենք»-ի ընդունման առնչությամբ, քանի որ դա կարող է հետևանքներ ունենալ սահմանների կառավարման շուրջ երկկողմ պայմանավորվածությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Մեզ անհանգստացնում է Չինաստանի միակողմանի որոշումը՝ ընդունելու օրենք, որը կարող է հետևանքներ ունենալ մեր միջև առկա երկկողմ պայմանավորվածություններում: Նման միակողմ քայլը չի կարող որևէ կապ ունենալ այն պայմանավորվածությունների հետ, որոնց շուրջ ավելի վաղ համաձայնության են եկել երկու կողմերը: Ակնկալում ենք, որ Չինաստանը կխուսափի ձեռնարկել քայլեր, որոնք միակողմանիորեն կփոխեն իրադրությունը Հնդկաստանի ու Չինաստանի սահմանամերձ հատվածներում»,- ասվում է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բագչիի հայտարարության մեջ:

Երկու երկրները երկար տարիներ է՝ ունեն տարածքային վեճ Քաշմիրից հյուսիս գտնվող լեռնային տարածքի, ինչպես նաև հյուսիսարևելյան նահանգի 60 հազար քառակուսի կմ տարածքի պատկանելության վերաբերյալ: 1962 թվականին խնդիրն անգամ հանգեցրել էր սահմանային պատերազմի: