Ռուսաստանը դրական է գնահատում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների և Հնդկաստանի միջև ազատ առևտրի շուրջ համաձայնագիր կնքելու վերաբերյալ 2025 թվականին սկսված բանակցությունների հեռանկարները: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք այժմ բանակցություններ ենք վարում Հնդկաստանի հետ. առաջին փուլն անցել է, մենք բավականին լավատեսորեն ենք դա դիտարկում, և Հնդկաստանի հետ համապատասխան համաձայնագիր ստորագրելու դեպքում ռուսական բիզնեսը, համապատասխանաբար, կունենա 2,2 միլիարդ մարդ ունեցող շուկա մուտք գործելու հնարավորություն», - ասել է նա՝ հանդես գալով Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության Ռուսական բիզնեսի շաբաթվա շրջանակում կազմակերպված Ինտեգրացիոն համաժողովում։
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ-ում արդեն գործող համաձայնագրերն առևտրի արտոնյալ ռեժիմների մասին, ինչպես նաև կնքված, բայց դեռ ուժի մեջ չմտած համաձայնագրերն ազատ առևտրի գոտու շուրջ (Մոնղոլիայի, ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ), արտաքին տնտեսական գործունեության ռուսաստանցի մասնակիցներին մուտքի հնարավորություն են տալիս շուրջ 700 միլիոն մարդ ունեցող շուկա և վերաբերում են ՌԴ արտաքին առևտրի շրջանառության շուրջ 20%-ին։
Այս տարվա սկզբին Օվերչուկը հույս է հայտնել, որ ազատ առևտրի գոտու շուրջ ստորագրված համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն մինչև 2026 թ. վերջը։



