Հնդկաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին հանձ...

Հնդկաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին հանձնարարել է լքել Իրանը տրանսպորտային բոլոր հասանելի միջոցներով, ներառյալ առևտրային չվերթները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանում Հնդկաստանի դեսպանատունը X սոցիալական հարթակում:

«Նկատի ունենալով Իրանում ստեղծված իրադրությունը՝ ներկայում Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին (ուսանողներին, ուխտավորներին, գործարարներին և զբոսաշրջիկներին) հանձնարարվում է լքել Իրանը բոլոր հասանելի տրանսպորտային միջոցներով, ներառյալ առևտրային չվերթները», - ասվում է X սոցցանցում զետեղված դեսպանատան հաղորդագրության մեջ։

Դիվանագիտական ​​ներկայացուցչությունում նշել են, որ Հնդկաստանի բոլոր քաղաքացիները և հնդկական ծագում ունեցող անձինք պետք է զգուշություն դրսևորեն, խուսափեն բողոքների կամ ցույցերի անցկացման վայրերից, կապ պահպանեն Իրանում Հնդկաստանի դեսպանատան հետ և հետևեն տեղական զանգվածային լրատվամիջոցներին՝ իրադրության ցանկացած փոփոխության դեպքում։

Ավելի վաղ ԱՄՆ-ն նույնպես իր քաղաքացիներին կոչ էր արել հեռանալ Իրանից։

Իրանում բողոքի ցույցերն սկսվել են 2025 թ. դեկտեմբերի 28-ին ազգային արժույթի՝ իրանական ռիալի փոխարժեքի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով։ «Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը» հայտնել է, որ երկրում ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 2571-ի։ Նշվում է, որ նրանցից 2403-ը ցուցարարներ են, 147-ը՝ անվտանգության ուժերի անդամներ։ Հաղորդվում է նաև 18 100 մարդու ձերբակալության մասին։

Վերջին օրերին երկրում արգելափակվել է ինտերնետային կապը։