Կառավարության որոշմամբ կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ, որոնք համապատասխանում են տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, գրավիչ կդարձնեն ԵԱՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը: Հարցն այսօր քննարկվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ, այն ներկայացրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Մենք փորձում ենք նկարագրել, թե ինչպիսին պետք է լինի ավտոշուկան, որտեղ պետք է տեղի ունենա մեքենաների առքուվաճառքի գործընթացը: Վերցրել ենք տարբեր երկրների փորձ և փորձել ենք ունենալ քաղաքակիրթ շուկայի պատկեր, դրա համար սահմանվել են տարրական չափորոշիչներ՝ սկսած շուկայի տարածքից, որը սահմանվել է 5 հա: Սահմանվել է, որ այնտեղ բազմաթիվ ծառայություններ պետք է լինեն՝ և՛ ֆինանսական, և՛ ոստիկանական, և՛ մաքսային, որպեսզի այդ շուկայում ոչ միայն մեքենա գնել-վաճառել լինի, այլ նաև հնարավոր լինի մաքսազերծել մեքենան, տեղում հաշվառում իրականացնել, պետհամարանիշ ստանալ և գնալ»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարի խոսքով՝ սա նման է նաև հարևան Վրաստանի փորձին:



