Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի մոտ 207 քառակուսի կիլոմետր տարածք, եւ դրա վերաբերյալ Երեւանը նշել է, որ չի դնում իր տարածքային ամբողջականության վերականգնման խնդիր ռազմական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 23-ին ասել է կառավարող «Քաղպայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Մենք հնարավոր ենք համարում հասնել այդ նպատակի իրականացմանը ե՛ւ սահմանազատան գործընթացի շրջանակում, ե՛ւ քաղաքական լուծումներով»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ Հայաստանը առաջարկված տրամաբանության շրջանակում պատրաստ է գնալ փաստաթղթի ստորագրմանը։
Կոնջորյանն ավելացրել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են ստորագրել համաձայնեցված կետերը եւ շարունակել աշխատանքը խաղաղության համաձայնագրի մյուս կետերի ուղղությամբ։ «Մեր դիրքորոշումը չի փոխվել, եւ մենք պատրաստ ենք իրականացնել դա կարճ ժամկետում»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը միշտ աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին, եւ Հայաստանը կարեւորություն է տալիս Վաշինգտոնի ակտիվ ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Խմբակցության ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղարը ակտիվորեն ներգրավված է եղել գործընթացին։
«Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։ Թե՛ ԱՄՆ-ի, թե՛ այլ գործընկերների հետ մենք քննարկումներ ենք անցկացնում տարածաշրջանում խաղաղության օրակարգի իրականացման շուրջ»,- ամփոփել է Հայկ Կոնջորյանը։