Հ.Մ. «Արարատ» մարզաւանում մեկնարկեց Իրանի 53-...

Երէկ՝ սեպտեմբերի 7-ին Հ.Մ. «Արարատ» Կ.-ի ֆուտբոլի դաշտում տեղի ունեցաւ Իրանի 53-րդ համահայկական խաղերի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին մասնակցեցին Իսլ. խորհրդրանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն, ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետութեան Դեսպանութեան խորհրդական (հիւպատոս) Արթուր Սարգսեանը: Իրանի Իսլամական Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան համագումարների, կազմակերպութիւնների եւ մշակութային գործունէութեան գրասենեակի գլխաւոր տնօրէն Էսմայիլ Ջանալիփուրը, Սեղանի թենիսի ֆեդերացիայի եւ Իրանի ազգային օլիմպիական կոմիտէի անդամ Մեհրդադ Ղարդաշին, ԹՀԹ Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը, ԹՀԹ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ներկայացուցիչ արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, միութիւնների ներկայացուցիչներ, աւելի քան 200 մարզիկ-մարզիկուհիներ Իրանի տարբեր շրջաններից, այդ թւում՝ Թեհրան, Նոր Ջուղա, Թաւիրզ եւ Գեարդաբադ քաղաքներ:

Իրանի 53-րդ համահայկական խաղերը նւիրւած են «Արարատ»-ի ֆուտբոլի 66-ամեակին: Ծրագրին ողջոյնի ելոյթներով հանդէս եկան Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իրանի ազգային օլիմպիական կոմիտէի անդամ Մեհրդադ Ղարդաշին, Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը եւ ԹՀԹ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի խօսքը ներկայացրեց ներկայացուցիչ արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը:

Ծրագրի առաջին բաժնում տեղի ունեցաւ դրօշակների արարողութիւն, այնուհետեւ մարզադաշտ մուտք գործեցին 4 ջահակիր ընկերներ Մարգար Ներսիսեանը, Յովիկ Հաթամզադէն, Համբարձում Դարաբիդեանը եւ Կոնստանդ Յարութիւնեանն, որոնք Ս. Խաչ մատուռում տեղադրւած կրակը փոխադրեցին ֆուտբոլի մարզադաշտ եւ ազդարարեցին Իրանի 53-րդ Համահայկական խաղերի մեկնարկը: Այնուհետեւ, մեկնարկեց Իրանի 53-րդ համահայկական խաղերի մարզիկ-մարզիկուհիների մուտքն ու խաղերի շքերթը: Այս տարի համահայկական խաղերի ծրագրում ընդգրւած է 9 մարզաձեւ, այդ թւում՝ ֆուտբոլ, ֆուտսալ, բասկետբոլ, սթրիթբալ 3x3, թենիս, ճատրակ, սեղանի թենիս եւ վոլէյբոլ: Առաջին անգամ ներառւել է նաեւ՝ FIFA-ի մարզաձեւը:

Մարզիկների մարզադաշտ մուտքին յաջորդել է մարզիկների եւ իրաւարար կազմի երդման կարգն, որոնք կատարել են՝ իրանահայ միջազգային կարգի մրցավար Թալին Թահմասեանը եւ համաՀՄԸՄ-ական խաղերին լաւագոյն բասեկտբոլիստ անւանակարգի գաւաթակիր Գէորգ Յարութիւնեանը:

Այնուհետեւ, Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանն՝ պարսկերէն լեզւով արտայայտած իր ելոյթի ընթացքում՝ ողջունելով ներկաներին, շնորհաւորել է մարզական մեծամասշտաբ իրադարձութեան կայացման առթիւ, մասնաւորապէս՝ հաշւի առնելով ժամանակի բարդութիւններն ու մարտահրաւէրներն, այդ թւում՝ Մերձաւոր արեւելքի տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակը եւ յետկորոնավիրուսային պանդեմիայի պայմանները:

Հենրիկ Խալոյեանն իր խօսքերի ընթացքում նշել է. «Համահայկական խաղերի կայացումը մեծապէս նպաստում է մշակոյթի եւ սպորտի զարգացմանն. ու այս օրերին մարզանքն ու մշակոյթը իրօք կարող են վերածւել փրկարար օղակի մարդկային վեհ արժեհամակարգի կերտման, կայունութեան եւ խաղաղութեան ուղղութեամբ»:

Ապա նա շեշտել է, որ Կազմակերպութեան պատասխանատուները ջանք ու եռանդ չեն խնայելու լաւագոյնս պահպանելու եւ զարգացնելու «Արարատ»-ի ժառանգութիւնն, որն իրենից ներկայացնում է՝ ե՛ւ ազգային արժէք, ե՛ւ բազմակողմանի գործունէութեամբ ի խնդիր հաւաքական առաքելութեան, լինելով իրանահայութեան հարստութիւնը:

Հենրիկ Խալոյեանը նաեւ նշել է, որ «Արարատ»-ի և ընդհանրապէս իրանահայ միութիւնների նպատակների իրականացման եւ առաքելութեան շարունակականութեան ապահովման համար անհրաժեշտ են պետական մասշտաբի բարոյա-նիւթական աջակցութիւն եւ համահաւասար մօտեցում: Նա նաեւ այդ ուղղութեամբ ողջունել է պետութեան բոլոր ժամանակների աջակցութեան ցուցաբերումը՝ յիշեցնելով, որ  Կազմակերպութեան պահպանման եւ աշխատանքների ուղղութեամբ նպաստները ինչքան էլ նւազ լինեն, այդուհանդերձ, մենք փորձելու ենք իրականացնել մեր դերակատութիւնը եւ որպէս վկայութիւն փաստել է Հայաստանի համահայկական եւ համա-ՀՄԸՄ-ական խաղերին իրանահայութեան մասնակցութիւնն է եւ մինի-բասկետբոլի եւ ֆութբոլի ակադեմիայի հիմնումը»:

Խալոյեանը նաեւ յաջողութիւն է մաղթել Իրանի 53-րդ համահայկական խաղերի մարզիկներին, մարզիչներին, պատասխանատուներին եւ վեթերաններին ու բոլոր մասնակիցներին եւ կոչ է արել վայելել մարզական տօնը:

Հ.Մ.«Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան ելոյթին յաջորդել է Իրանի ազգային օլիմպիական կոմիտէի անդամ Մեհրդադ Ղարդաշիի խօսքը: Իրանի ազգային օլիմպիական կոմիտէի անդամը բարձր է գնահատել խաղերի կազմակերպումը եւ շնորհաւորել է բոլոր մասնակիցներին եւ երկրպագուներին խաղերի կայացման առթիւ: Նա ընդգծել է, որ այս քայլով մեր երկրում հնարաւոր է դառնում խթանել, ինչպէս օլիմպիական մարզաձեւերի, այնպէս էլ մասսայական սպորտի զարգացումը: