ՀԿԱԾ պետը շնորհավորել է ծառայության աշխատակից...

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետ Սիրո Ամիրխանյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ծառայության աշխատակիցներին. 

«Հարգելի՛ ծառայակիցներ,

Մայիսի 5-ը ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարեգրության նշանակալից օրն է։ Այսօր տոնում ենք մեր Ծառայության հիմնադրման 27-ամյակը և Հարկադիր կատարողի մասնագիտական տոնը՝ կարևորելով այն ուղին, որն անցել ենք միասին՝ օրենքի պաշտպանության, արդարության վերականգնման և իրավունքի գերակայության հաստատման ճանապարհին։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն առանցքային դեր ունի Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգում՝ ապահովելով դատական ակտերի և այլ իրավասու մարմինների որոշումների պարտադիր կատարումը։ Սա ոչ միայն իրավական գործընթաց է, այլ նաև վստահության, կայունության և հասարակության մեջ արդարության զգացումը պահպանելու առաքելություն։

Մեր կարգախոսը՝ «Օրենքը չի կարող լինել օրենք, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ», պարզապես խոսքային միավոր չէ, այլ իրավունքի պաշտպանության փիլիսոփայություն, որը մարմնավորում է մեր աշխատանքի էությունը՝ լուռ, հետևողական, բայց վճռական ծառայություն՝ հանուն օրենքի իրականացման և խախտված իրավունքների վերականգնման։

Սիրելի՛ ծառայակիցներ, հարկադիր կատարողի աշխատանքը պահանջում է ոչ միայն մասնագիտական բարձր պատրաստվածություն, այլ նաև ուժեղ հոգեբանական պատրաստակամություն, վճռականություն ու կարգապահություն։

Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ իրավական գործիքակազմերի արդիականացումից մինչև թվային գործիքների ներդրում, տվել են իրենց արդյունքները։ Այս գործընթացը, սակայն, անընդհատ է և շարունակական։ Այստեղ յուրաքանչյուր ծառայողի ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը վճռորոշ են։

Մեր ուժը մեր համախմբված թիմային աշխատանքում է, այնտեղ, որտեղ պրոֆեսիոնալիզմը զուգորդվում է նվիրվածության, օրենքի և իրավունքի հանդեպ հարգանքի և կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության հետ։

Վստահ եմ՝ առաջնորդվելով սկզբունքայնությամբ, պատասխանատվության բարձր գիտակցմամբ, ուժեղ  ու կայացած պետական ինստիտուտներ ունենալու ձգտմամբ՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը շարունակելու է լինել դատաիրավական համակարգի ամուր հենասյունը։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Ծառայության կազմավորման և Հարկադիր կատարողի մասնագիտական օրվա առթիվ, մաղթում եմ առողջություն, բարեկեցություն,  նոր նվաճումներ, կամք և ուժ՝ ձեր կարևոր առաքելությունը շարունակելու նույն հավատարմությամբ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի»,- նշել է Սիրո Ամիրխանյանը։