Հիվանդը հարձակում է գործել շտապօգնության բժիշ...

Փետրվարի 21-ին, հերթական միջադեպն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի 7 հասցում հիվանդը հարձակում է գործել շտապօգնության բժիշկների վրա և փորձում է վնաս հասցնել նրանց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել  ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Տեղում շտապօգնության բժիշկ, Երևանի բնակիչ 25-ամյա Շահեն Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ շտապօգնության ավտոմեքենայով հիվանդին տեղափոխելու ժամանակ վերջինս հարվածել է իր կրծքավանդակին, ապա հրել, գցել է ավտոմեքենայի հատակին։

Ոստիկանները ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել կասկածյալին՝ Երևանի բնակիչ 33-ամյա Հովհաննես Ջ․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին։