Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (SPIEF), ասել է, որ «հիմքեր կան ընդմիշտ հրաժարվելու ամբողջ ռուսական բիզնեսի ստուգումներից», որի գործունեությունը կապված չէ վնաս պատճառելու ռիսկի հետ, գրում է «Կոմերսանտը»։
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքով, մարտին բիզնեսի ստուգումների չեղարկումից հետո խախտումների վիճակագրությունն ընկել է։
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի երկարաժամկետ զարգացումը հիմնված կլինի ձեռնարկատիրական ազատության վրա։ Նախագահն ասել է, որ իշխանությունները կշարունակեն նվազեցնել վարչական բեռը։ Նա պահանջել է «հոդվածի տակ չդնել» այն բիզնեսը, որը գործում է առանց լիցենզիաների՝ արեւմտյան գործընկերների կողմից դրանց հետկանչից հետո։
Բացի այդ, Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մինչեւ հոկտեմբերի 1-ը փոփոխություններ պատրաստել՝ վերանայելու գործարարներին կալանավորելու հիմքերը։ ՌԴ նախագահը կարծում է, որ անհրաժեշտ է հիմնովին լուծել որոշ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման հարցը։ Վլադիմիր Պուտինը դիմել է Անվտանգության խորհրդին եւ հորդորել զբաղվել այն դեպքերով, երբ քրեական գործեր հարուցվում են առանց բավարար հիմքերի, եւ դրանք օգտագործվում են բիզնեսի ու քաղաքացիների վրա ճնշում գործադրելու համար։
Նախագահը նշել է, որ որոշ ռուսական ընկերություններ խնդիրներ են ունենում պատժամիջոցների պատճառով։ Սակայն, ըստ նրա, սահմանափակումները նոր հնարավորություններ են բացում երկրի տնտեսության զարգացման համար։ Վլադիմիր Պուտինը հայրենական խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին կոչ է արել իրենց եւ իրենց երեխաների ապագան կապել Ռուսաստանի հետ։ «Տունն ավելի հուսալի է՝ նրանք, ովքեր չեն ցանկացել լսել այս ուղերձը, միլիոնավոր դոլարներ են կորցրել»,- ասել է ՌԴ նախագահը։



