
Ադրբեջանում պահվող Ռուսաստանի քաղաքացիների ազատ արձակումը դրականորեն կազդի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վրա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հիմա Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում իսկապես, մեղմ ասած, հեշտ շրջան չէ։ Ռուսաստանը նպատակաուղղված է այն չերկարացնել։ Մենք շուտափույթ կարգավորման հույս ունենք։ Այդ ճանապարհին նշանակալի քայլ կլիներ ազատ արձակումը Ռուսաստանի քաղաքացիների, որոնք շարունակում են ադրբեջանական իշխանությունների կողմից անազատության մեջ պահվել»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Զախարովան։
Հունիսի 30-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում: Ավելի ուշ նախարարությունում հայտնել են գործակալության գրասենյակում մի քանի անձանց, այդ թվում՝ «Sputnik Ադրբեջան»-ի ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի ձերբակալության մասին: Հուլիսի 1-ին Բաքվի շրջանային դատարանը Կարտավիխին և Բելոուսովին կալանավորել է չորս ամսով: «Sputnik Ադրբեջանի» լրագրողներին առաջադրվել են մեղադրանքներ Ադրբեջանի քրեական օրենսգրքի «Խարդախություն՝ խոշոր վնասի պատճառմամբ», «Անօրինական ձեռնարկատիրություն՝ խոշոր չափի եկամտի ստացմամբ», «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի օրինականացում» հոդվածներով։
Sputnik-ի խմբագրությունում հայտնել են, որ Ադրբեջանում աշխատելու ոչ մի պաշտոնական արգելք չեն ստացել, ընթացել է երկխոսություն աշխատանքային խմբերի մակարդակով հնարավոր տարաձայնությունների կարգավորման համար։
Բաքուն կալանավորել է նաև մի քանի այլ ռուսաստանցիների՝ նրանց մեղադրելով կազմակերպված հանցավոր խմբավորման մաս կազմելու և Իրանից թմրանյութերի մաքսանենգության մեջ։
Մինչ այդ Եկատերինբուրգում ՌԴ իրավապահները ձերբակալել էին մի քանի ադրբեջանցիների, որոնք մեղադրվում են 2001, 2010, 2011 թվականներին էթնիկ հանցավոր խմբի կազմում պատվիրված սպանություններին և սպանության փորձերին մասնակցելու մեջ. նրանցից երկուսը մահացել էին։
Երկու երկրները բողոքի նոտաներ են փոխանակել։