ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված պ...

Փետրվարի 6-ին Թբիլիսիի Շերատոն Մետեխի հյուրանոցի սրահում կայացավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է  բանակի ձևավորման ու կայացման գործընթացին՝ նշելով որ իր կազմավորման առաջին իսկ օրվանից՝ 1992թ. հունվարի 28-ից բանակը ստանձնել և կատարել է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահապանի իր գործառույթը։

Դեսպանն անդրադարձել է  նաև զինված ուժերի զարգացմանն ու արդիականացմանը՝ նշելով, որ Հայաստանը հետևողականորեն աշխատում է զինված ուժերի մարտունակության բարձրացման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ:

Ողջույնի խոսքով հանդես են  եկել նաև Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Պաատա Պատիաշվիլին և ՀՀ ռազմական կցորդ Մեսրոպ Նազարյանը։ Միջոցառմանը ներկա էին Վրաստանի Պաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ Իրակլի Չիչինաձեն, ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես են եկել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը և քոլեջի ժողովրդական նվագարանների բաժնի վարիչ Աշոտ Պետրոսյանը։