ՀՀ ոստիկանության պետի տեղակալն այցելել է Իրան...

Փետրվարի 20-ից 22-ը Իրանի Իսլամական Հանրապետություն էր այցելել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էր նաև ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը։

Այցի շրջանակներում հանդիպում է եղել Իրանի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կենտրոնի պետ, բրիգադի գեներալ Մաջիթ Քարամիի հետ։ Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտի հետ կապված մի շարք հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը կապի սպաների միջոցով, կազմակերպել Հայաստանի ոստիկանության ծառայողների համար վերապատրաստումներ Իրանի ոստիկանական կրթական հաստատություններում, ինչպես և ակտիվացնել սահմանային համագործակցությունը երկու իրավապահ կառույցների միջև։

Այցի ընթացքում Արամ Հովհաննիսյանին ներկայացվեցին թմրամիջոցների հայտնաբերման նպատակով օգտագործվող հատուկ մասնագիտացված սարքավորումները և տակտիկական հնարավորությունները։

Նույն օրը Հայաստանի ոստիկանության պետի տեղակալին ընդունել է Իրանի ոստիկանության պետի տեղակալ Քասեմ Ռեզային։ Նա հույս է հայտնել, որ հայ գործընկերների հետ ձևավորված համագործակցությունը կընդլայնվի, փորձի փոխանակման նպատակով կիրականացվեն նոր հանդիպումներ և այցեր: Արամ Հովհաննիսյանը, կարևորելով հանցավորության դեմ պայքարում Իրանի իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնել այն ամրապնդելու ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ։

Այցի ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: