ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուս...
Հոկտեմբերի առաջին շաբաթից սկսվել է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը։
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն իրականացնում է մշտադիտարկում այս հիվանդություններով պայմանավորված իրավիճակի զարգացման միտումներին հետամուտ լինելու նպատակով։ Ըստ այդմ` սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակն օրինաչափ և համահունչ է ներկայիս սեզոնին։
 
Այսպես՝ 2024 թվականի հոկտեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում արձանագրված սուր շնչառական վարակների հիվանդացության ցուցանիշները նախորդ՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթվա համեմատ աճել են, սակայն նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր են։ Հարկ է նշել, որ այսօր համեմատաբար բարձր ցուցանիշներ գրանցվում են մինչև 4 տարեկան երեխաների շրջանում, որը կազմում է ընդհանուր դեպքերի 71%-ը։
 
Ներկա դրությամբ` ՀՀ-ում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն շրջանառում: Շրջանառում են այլ շնչառական վարակների՝
  • ռինովիրուսի,
  • բոկավիրուսի,
  • կորոնավիրուսային հիվանդության (SARS-Cov-2) հարուցիչներ։
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու համար`
  • պատվաստվե՛ք գրիպի դեմ՝ դիմելով առողջության առաջնային պահպանման կազմակերպություն.
  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից.
  • եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ.
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար.
  • հագնվե´ք եղանակին համահունչ
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը.
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ.
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները.
  • հետևե´ք անձնական հիգիենային: