ՀՀ–ն իր խիստ դժգոհությունն է ներկայացրել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին՝ երեկ Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հայաստանի արտաքին գործերի գերատեսչությունը կոչ է արել ՌԴ–ին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։
Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: