Ապրիլի 29-ի կառավարություն նիստում հավանություն տվեց օրենսդրական փաթեթին, որը թույլ է տալիս ՀՀ-ում արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու վաճառքը։
Միևնույն ժամանակ արտադրական կանեփի արտադրության, վաճառքի համար անհրաժեշտ կլինի հատուկ լիցենզիա։
Լիցենզավորման համար անհրաժեշտ է, որ դիմողը խախտած չլինի թմրամիջոցների մասին օրենքը։ Այն անձինք ովքեր տառապում են թմրամոլությամբ կամ կունենան թմրամիջոցների օգտագործման հետ կապված դատվածություն, չեն կարողանա դիմել լիցենզիայի։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի գյուղատնտեսական հողերի շուրջ 1/3-ը գտնվում է անմշակ վիճակում, և Հայաստանում թույլատրելով կանեփի արտադրությունը միաժամանակ փորձ է արվում զարկ տալ գյուղատնտեսության զարգացմանը, օգտագործել տնտեսության զարգացմանն ուղղված բոլոր ռեսուրսները։ Հողերի մշակումը ոչ միայն լայն իմաստով կխթանի գյուղատնտեսության ոլորտը և նոր շունչ կհաղորդի երկրի տնտեսությանը, այլ նաև էական նշանակություն կունենա առանձին շրջանակի անձանց կենսապայմանները բարելավելու համար։ Մասնավորապես, կանեփի արտադրությունը՝ որպես բիզնեսի նոր ենթաճյուղ զարգացնելով, կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր այնպիսի վայրերում, որտեղ մշտապես առկա է տեղի բնակչությանն աշխատանքով (եկամտով) ապահովելու խնդիր»,-օրենքի հիմնավորումներում նշում է կառավարությունը։