Հայաստանում փետրվարի 18-ին արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք։ Հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից՝ նշելով, որ տվյալ պահին հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Կենտրոնից նշում են, որ վերջին ժամանակահատվածում Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում և Կուբայում արձանագրվել են «Չիկունգունիա տենդ» հիվանդության բռնկումներ։
Հիվանդության գաղտնի շրջանը կազմում է 2-12 օր, հիմնական ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ հոդացավ, մկանացավ, մաշկային ցանավորում, թուլություն։ Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով։ Վարակը մարդուց մարդուն չի փոխանցվում, առանձնահատուկ բուժում չունի։ Վարակի դեմ պատվաստանյութը չի ստացել լայն կիրառում։ Ռիսկի խմբեր են համարվում քրոնիկ հիվանդություններ ունեցող և տարեց մարդիկ, ինչպես նաև հղիները։ Մահացության դեպքերը հազվադեպ են և վարակվածների շրջանում կազմում են մոտավոր 0.1% (հիմնականում տարեցներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք)։
Վարակվելու հավանական ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է օգտագործել հակամիջատային ցանցեր, կրել փակ հագուստ և օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր:
ՀՎԿԱԿ-ից հիշեցնում են ճանապարհորդներին, որ նշված տարածաշրջաններից վերադառնալիս նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել բժիշկ վարակաբանի:



