Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը 2026 թվականի հունվարի 12-15-ը գործուղվել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու «Աբու Դաբիի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week – ADSW) խորագրով միջազգային համաժողովին:
ADSW-ն համաշխարհային ամենամյա նախաձեռնություն է, որի նպատակն է խթանել կայուն զարգացումը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և բնապահպանական առաջընթացը։
ՀՀ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ 2008 թվականին հիմնադրված ADSW-ն հանդիսանում է միջազգային հարթակ, որը միավորում է տարբեր երկրների կառավարությունների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ կլիմայական համարձակ գործողությունների, նորարարական լուծումների և կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շուրջ քննարկումների և համագործակցության նպատակով։
Համաժողովը կայանալու է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանու ներքո։ Միջոցառմանը մասնակցելու են պետությունների ղեկավարներ, քաղաքականություն մշակողներ, գործադիր տնօրեններ և ոլորտային առաջնորդներ ամբողջ աշխարհից՝ միավորելու ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարի, հարմարվողականության և մեղմման միջոցների առաջմղման, ինչպես նաև կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ։
2026 թվականին ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության» մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Երևանում հյուրընկալելուն ընդառաջ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը համաժողովին նպատակ ունի նպաստել միջազգային համագործակցության խորացմանը, կլիմայական օրակարգի առաջմղմանը և կայուն զարգացման ոլորտում լավագույն փորձի փոխանակմանը։



