Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը իր Սահմանադրության մեջ և այլ փաստաթղթերում ի սկզբանե ունեցել է և ունի դրույթներ, որոնք պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները և իրադարձությունները:
Այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունը մտածում է Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու ուղղությամբ, որտեղ խոսք կա Լեռնային Ղարաբաղի մասին։
«Մենք պետք է հասկանանք, թե Հայաստանն ու՞ր է գնում և ի՞նչ նպատակներ է հետապնդում, ի՞նչի համար է Հայաստանի Հանրապետության գոյությունը: Արդյոք այդ գոյությունը նրա համա՞ր է, որպեսզի մենք վերականգնենք պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, թե՞ դա սեպտեմբերի 21-ի մասին է, երբ մենք ստացանք անկախություն, թե՞ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասին է, որը պետք է լինի ապահով և ունենա բարեկեցիկ կյանք»,- նշեց Սիմոնյանը:



