Ադրբեջանը 2000-ականներին երբ միակողմանիորեն փակել է իր օդային տարածքը հայկական օդանավերի համար, Հայաստանն էլ համապատասխան որոշմամբ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը փակել է ադրբեջանական օդանավերի համար մեր օդային տարածքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
«Որեւէ իրավական փոփոխության համար պետք է ստորագրվի իրավական փաստաթուղթ: Եթե կա այդպիսի փաստաթուղթ, թող դա ներկայացնեն, հակառակ դեպքում թող չխոսեն, որ երբեւիցե փակ չի եղել»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանական AZAL ավիափոխադրողը հայտարարել է, որ Հոկտեմբերի 6-ից Ադրբեջանի ավիաուղիները սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջեւան ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար:
Այս տեղեկությունը մտավախություն է առաջացրել հայ հասարակության շրջանում:
Հատկանշական է, որ նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները վկայակոչելով իրենց ռազմական աղբյուրները, նշել էին, որ Իրանը երեկվանից փակել է իր օդային տարածքն Ադրբեջանի օդուժի համար, որը Բաքու-Նախիջեւան ռազմական մատակարարումներ է իրականացնում:
Այսօր ողջ օրվա ընթացքում հնարավոր չեղավ մեկնաբանությու ստանալ քաղավիացիայի կոմիտեից, իսկ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը հայտարարել է, թե ՀՀ օդային տարածքը երբեք չի փակվել ադրբեջանական քաղաքացիական ավիափոխադրումների համար։



