ՀՀ քաղաքացինե՛ր, դուք միլիարդատեր եք, դուք Հա...

Երբ խոսում ենք իրական և պատմական Հայաստանի հակադրության մասին, խոսում ենք այն բանի մասին, որ մարդիկ անուրջներով չապրեն, այդ թվում՝ դուք (դիմում է ԱԺ ընդդիմադիրներին – խմբ.), որովհետև մարդը, որը գնում է խաղամոլությամբ է զբաղվում, նրանից է, որ նա անուրջներով է ապրում, իրեն թվում է, թե միլիոնատեր է դառնալու: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ իրական Հայաստանի վերաբերյալ քննադատությանը: 

«Իրական Հայաստանն էլ է դրա մասին. դուք ուզում եք՝ մարդիկ գնան, կազինո խաղան: Գիտե՞ք ինչի վրա, պատմական Հայաստանի: Ձեռք կբերեք պատմական Հայաստան, գնացե՛ք և 1000 դոլար դրեք, կազինոյում կրվեք ձեր էսօրվա ունեցածը, ձեր քրտինքը, ձեր ծնողների վաստակը, այսօրվա ունեցած ձեր տունը, որովհետև Վանա լճի ափին վաղը կարող է վիլլա ունենաք: Դա, խայտառակ անուրջներ սնելով, մարդկանց դեպի կազինոներն ուղղորդելու տրամաբանություն է, որովհետև մենք ասում ենք՝ իրական Հայաստանում ձեր ամենօրյա քրտինքով պետք է դառնաք այդ միլիարդատերը, և դուք այսօր արդեն միլիարդատեր եք, որովհետև ՀՀ ունեք, անկախություն ունեք: Դրան հոգատարությամբ վերաբերվեք: Ամեն քաղաքացու հոգատարությամբ վերաբերվեք, ամեն աղբ թափողին ասեք՝ ես կվերցնեմ քո փոխարեն աղբը: Խնդրում եմ, մի՛ գցիր այդ աղբը, որովհետև սա մեր բոլորի տունն է: Սա՛ է մեր բոլորի տունը, և այդ տունն ունի սահմաններ: Պետք չէ սնել մարդկանց երազներով, պետք չէ սնել մարդկանց ատելությամբ: Պարտադիր չէ, որ դու քո շենքից բարեկեցիկ մեկին կամ կողքի երկրից ինչ-որ մեկին ատես, որ լինես հաջողակ: Դու պետք է քո ճանապարհն անցնես, ինչքան էլ քեզ վատություն են արել, ինչքան էլ խփել են ոտքերիդ, ինչքան էլ քո հաջողության հաշվին են արել, ինչքան էլ քեզ կողոպտել են, պետք չէ լցվել ատելությամբ:

Այո՛, պետք է պատասխանատվության մեխանիզմներ լինեն, այո՛, պետք է գնալ դրանց հետևից: Բայց, սիրելինե՛րս, չի կարելի գիշեր-ցերեկ քնել-արթնանալ և ասել՝ մեզ ցեղասպանել է 1 երկիր, և մենք ամեն օր պետք է դրա մասին խոսենք, մեր ամբողջ ջանքը դրա մասին պետք է լինի:

Մենք այսօր ունենք երկիր, այդ երկիրը հոգատարության կարիք ունի: Կարո՞ղ է, ասենք, դուրս գալուց կամ աղբը նետելուց առաջ մտածեք, որ դրա պատճառով է, որ ժամանակին մեր հարևան երկիրը մեզ ցեղասպանել է, որ այդ աղբը գցում եք գետնին: Ի՞նչ քար եք դնում մեր պետության և պետականության ակունքներում, զարգացման հիմքի վրա»,- ասաց Հակոբ Արշակյանը: