ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության աշխատակազմից։
Նշվում է, որ հանդիպման սկզբում հայկական կողմը բարձր է գնահատել ԵՆԲ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում: ԵՆԲ գործընկերներին են ներկայացվել ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթությունները՝ ընդգծելով էներգետիկայի, ջրային և տրանսպորտի ոլորտներում ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանն ուղղված հնարավոր համատեղ նախաձեռնությունները՝ շեշտելով Հայաստանում բիզնես մշակույթի զարգացմանը և արտադրողականության աճին միտված ծրագրերի անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ներկայությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի կողմից ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» ֆինանսական պայմանագրի և Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի հաստատման նամակները: