ՀՀ ՊԵԿ-ն արտահանողներին իրազեկում է ՌԴ-ում նո...

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին, մասնավորապես, արտահանում իրականացնողներին իրազեկում է Ռուսաստանի Դաշնությունում 2026 թվականի հունիսի 1-ից գործող նոր կարգավորումների՝ ՍՊՈՏ համակարգի գործարկման մասին։

ՊԵԿ-ի տարածած իրազեկող հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․

Ի՞նչ է փոխվում ՀՀ արտահանողների համար

2026 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում լիարժեք գործելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը (СПОТ-Система подтверждения ожидания поставки товаров)։ Համակարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից, ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների շրջանառությանը։

Թեև ՍՊՈՏ-ի շրջանակում պարտականությունները պաշտոնապես կրում է ռուսաստանյան ներմուծողը (հայտատուն), համակարգը ուղղակիորեն առնչվելու է նաև ՀՀ-ից ՌԴ ապրանքներ արտահանողների վրա, քանի որ առանց ՌԴ-ում ձևավորված մատակարարման ակնկալման փաստաթղթի հիման վրա ձևավորված QR-կոդի՝ ապրանքը ֆիզիկապես չի կարող ներկրվել ՌԴ տարածք։

Համակարգի մասնակիցները

ՍՊՈՏ համակարգում առանձնացվում են մասնակիցների հետևյալ խմբերը՝

Հայտատուներ (заявители) — ՌԴ-ի սուբյեկտներն են, ովքեր նախապես ձևավորում և ներկայացնում են փաստաթուղթ (ДОПП-ը)։ Դրանք, ըստ էության, ռուսաստանյան գործընկեր կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն են, որոնք ԵԱՏՄ այլ երկրներից (այդ թվում` ՀՀ-ից) ապրանք են ներմուծում ՌԴ,

Փոխադրողներ (перевозчики) — այն, որոնք իրականացնում են ապրանքի փոխադրումը ԵԱՏՄ այլ երկրներից դեպի ՌԴ։ ՀՀ արտահանողները (փոխադրողները) նույնպես ընդգրկվում են այս կատեգորիայի մեջ։

ՌԴ-ի հարկային մարմինը հանդես է գալու որպես ՍՊՈՏ-ի օպերատոր, իսկ ՌԴ-ի մաքսային մարմինը՝ որպես վերահսկող մարմին։

Ո՞ր ապրանքների վրա է տարածվում ՍՊՈՏ-ը

Համակարգը կիրառվում է ԵԱՏՄ անդամ պետություններից Ռուսաստան ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների նկատմամբ։ ՌԴ կառավարությունը հետագայում կարող է ընդլայնել կարգի կիրառությունը այլ տեսակի տրանսպորտով փոխադրումների վրա։ ՍՊՈՏ-ը չի տարածվում հետևյալ կատեգորիաների վրա՝

  • կանխիկ դրամի,
  • նավթի,
  • էլեկտրաէներգիայի,
  • ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների։

Ինչպե՞ս է գործելու համակարգը

Որպես ընդհանուր կանոն՝ հայտատուն (ռուսաստանյան գործընկերը) պարտավոր է՝

  • Ապրանքների ներմուծումից ոչ ուշ, քան 2 օրացուցային օր առաջ ձևավորել ДОПП — էլեկտրոնային փաստաթուղթ, որը հաստատում է ապրանքն ընդունելու մտադրությունը։
  • Ապրանքների ներմուծումից ոչ ուշ, քան 2 օրացուցային օր առաջ ռուբլով անկանխիկ եղանակով կատարել ապահովման վճար, որի չափը պետք է լինի ոչ պակաս, քան ենթակա վճարման անուղղակի հարկերի գումարը։
  • Ստանալ ДОПП-ին վերագրվող տեսանելի հղումը (QR-կոդ) և այն ուղարկել մատակարարին կամ փոխադրողին (ՀՀ-ի դեպքում` ՀՀ արտահանողին կամ բեռնափոխադրողին):
  • Եթե մեկ առաքման ընթացքում ДОПП-ում նշված ապրանքների ամբողջ ծավալը չի ներմուծվել, ապա այս դեպքում ՌԴ կոնտրագենտը պետք է մնացորդային ապրանքաքանակի համար նոր ДОПП ներկայացնի ու նաև նոր QR կոդ փոխանցի արտահանողին/փոխադրողին։

Գործնական խորհուրդներ ՀՀ արտահանողներին

Թեև ДОПП-ը ձևավորելու և ապահովման վճարը կատարելու պարտականությունը կրում է ՌԴ ներմուծողը, այնուամենայնիվ ՀՀ արտահանողի համար կան մի շարք գործնական նկատառումներ, որոնք պետք է հաշվի առնել նոր կարգին հարմարվելու համար։

Առաքման ժամանակացույցի վերանայում. հաշվի առնելով, որ ДОПП-ը պետք է ձևավորվի ներմուծումից առնվազն 2 օր առաջ, առաքման պլանավորումը պետք է լինի ավելի կանխատեսելի։ Շտապ առաքումները կարող են խնդրահարույց դառնալ։ Խորհուրդ է տրվում մինչ 2026 թվականի հունիսի 1-ը՝ քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների(գնորդների) հետ:

Ռուսաստանյան գործընկերոջ հետ տեղեկատվության փոխանակում. արտահանողը պետք է ժամանակին և ճշգրիտ տրամադրի ապրանքի վերաբերյալ բոլոր տվյալները (ապրանքի անվանում, քանակ, արժեք, և այլն), որպեսզի ՌԴ ներմուծողը կարողանա ճիշտ ձևավորել ДОПП-ը։

QR-կոդի ստացում մինչ ՌԴ սահման հասնելը. փոխադրողը պետք է ունենա QR-կոդը մինչ ՌԴ սահման մոտենալը, ուստի արտահանողը պարտավոր է ստանալ այն ներմուծողից և փոխանցել փոխադրողին։ Առանց QR-կոդի ապրանքի փոխադրումը ՌԴ տարածք հնարավոր չի լինի։

Փոխադրողի հետ հարաբերությունների կարգավորում. փոխադրման պայմանագրերում նպատակահարմար է լրացնել կետեր, որոնք կկարգավորեն կողմերի պատասխանատվությունը՝ ДОПП-ի բացակայության կամ սխալ տվյալների դեպքում առաջացող կորուստների համար։