ՀՀ նախագահը և ՍԴՀԿ վարչության անդամներն անդրա...

 Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:

Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել ՍԴՀԿ դերն ու ներգրավվածությունը համազգային նշանակություն ունեցող գործընթացներում:

«Ուժը մենք ենք, դուք եք՝ մենք բոլորս միասին, բոլոր նրանք են, ովքեր մտահոգ են մեր պետության ապագայով»,- նշել է նախագահը: Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, անվտանգային խնդիրներին: Նախագահն անդրադարձ է կատարել նաև Ջերմուկ և Սիսիան կատարած իր աշխատանքային այցերին, նշել, որ հայ զինվորի մարտական ոգին բարձր է:

Ըստ ղբյուրի՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է կուսակցության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ամփոփվելու են վաղը նախատեսված ՍԴՀԿ ամենամյա համագումարի շրջանակում: «Մեզ համար միշտ առաջնային է եղել հայրենիքում անցկացնել մեր համագումարները: Ամենից առավել մեզ համար առաջնային է մեր միասնականությունը, համախմբվածությունը երկրի համար դժվարին պահերին»,- ասել է Համբիկ Սարաֆյանը՝ հավելով, որ պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի իրենց ներդրումն ունենան երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Արցախի հիմնահարցին, տարածաշրջանային և անվտանգային խնդիրներին: