ՀՀ վարչական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ընդդեմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի» գործով դատական նիստին հայցվորի ներկայացուցիչը հայտնեց, որ խախտվել է Տիրան Խաչատրյանի լսված լինելու իրավունքը։
Ներկայացուցիչը հղում կատարելով ՀՀ սահմանադրության 50-րդ հոդվածին, Մարդու իրավունքների եվրոպական ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 13-րդ հոդվածին նշեց, որ չի ապահովվել Տիրան Խաչատրյանի լսված լինելու իրավունքը. «Մինչդեռ Սահմանադրությունն ամրագրում է, որ միջամտող վարչական ակտ ընդունելիս անձի լսված լինելու իրավունքը պետք է ապահովվի։ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական ծառայողներին պաշտոնից ազատումն իրականացվում է հետեւյալ կարգով՝ նախ պետք է լինի վարչապետի առաջարկությունը ուղղված ՀՀ նախագահին, պետք է լինի բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական ծառայողներին պաշտոնից ազատելու նախագիծը եւ պետական լիազոր մարմնի համապատասխան միջնորդությունը։ Տիրան Խաչատրյանն այս փաստաթղթերի բովանդակության վերաբերյալ որեւէ տեղեկություն չի ունեցել, այսինքն՝ հնարավորություն չի տրվել այս ամբողջ գործընթացին հայցվորին ներկայացնել իր դիրքորոշումը»։
Նա անդրադարձավ նաեւ Yerevan.today լրատվական կայքում Խաչատրյանի վերաբերյալ հոդվածին. «Քանի որ ժամանակագրական տեսանկյունից դեպքերի դասավորվածությունն այնպիսին է եղել, որ թե՛ հրամանագրի կայացումը, թե՛ Yerevan.today-ի հոդվածի հրապարակումը տեղի է ունեցել միեւնույն օրը, ենթադրաբար հաշվի է առնվում, որ ազատման հիմքում դրված է կայքում հրապարակված հոդվածը։ Սակայն հայցվորից բացատրություն չի պահանջվել այդ հոդվածի վերաբերյալ»։
Ներկայացուցիչը պնդեց, որ ՀՀ նախագահը խախտել է ՀՀ սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մասը. «Հապճեպ որոշումը կայացնելիս նախագահը լիազորություն իրականացնելիս չի ապահովել անաչառություն»։



