ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամներ Գուրգեն Մելքոնյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը և Վահագն Ալեքսանյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել են Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը:
Անդրանիկ Քոչարյանը եղբայրական է գնահատել երկու երկրների դարավոր հարաբերությունները՝ նշելով, որ հայ ժողովուրդը տարիներ շարունակ զգացել է այդ եղբայրությունն ու բարեկամությունը՝ կարողանալով հաղթահարել դժվարությունները: Կողմերը կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու զարգացումը՝ նշելով, որ բազմաթիվ ոլորտներում առկա է համագործակցության չիրացված ներուժ:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունության ապահովմանը, հրադադարի ռեժիմի պահպանմանը, ճանապարհների ապաշրջափակմանը, հետպատերազմյան իրավիճակին առնչվող հարցեր: Տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում զրուցակիցները կարևորել են ջանքերի համատեղումն ու համագործակցության խորացումը: Ընդգծվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու կարևորությունը:
Իրանցի պատգամավորներն անընդունելի և դատապարտելի են համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները: «Հայաստանի սահմանների որևէ փոփոխություն անընդունելի է մեզ համար»,- ընդգծել են հյուրերը՝ հավելելով, որ երկու երկրների շահերն աշխարհաքաղաքական դաշտում համահունչ են: