Հայաստանը պատրաստ է հնարավորինս կարճ ժամանակահատվածում իրականացնել ԵՄ-ի առաջարկած գործողությունների ծրագիրը՝ վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների համատեքստում։ Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՆԳՆ ղեկավար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով, ակնկալվում է, որ գարնանը ԵՄ-ն Հայաստանի Հանրապետությանը գործողությունների ծրագիր կներկայացնի։ Այս փաստաթուղթը բանակցությունների ենթակա չէ, այն ներառում է բազմաթիվ ոլորտներ, ինչպես միգրացիան, ապաստանը, կենսաչափական անձնագրերի ներդրումը։ ԵՄ-ի գործընկերները կառաջարկեն բաղադրիչներ, եթե ՀՀ-ն բավարարի պահանջները, ապա քննարկումները կշարունակվեն ավելի բարենպաստ ուղղությամբ։
Բայց ՀՀ-ն չսպասեց և արդեն քայլեր է ձեռնարկել, ասաց Սարգսյանը՝ որպես օրինակ բերելով կենսաչափական անձնագրերը. «Ե՞րբ կարելի է ակնկալել վիզային ռեժիմի ազատականացում։ Սա բխում է գործընթացից, և ոչ ոք չի կարող նշել ժամկետը: Բայց կա կառավարության կամքը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու ծրագրի բոլոր դրույթները։ Սա ոչ միայն քաղաքացիներին շարժունակություն կապահովի, այլև հանրային անվտանգության ոլորտում նոր չափանիշներ ներդնելու հնարավորություն»,- նշել է Սարգսյանը։