ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվա...

Եվրոպական խորհրդարանում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և Ադրբեջանի հետ սկսված տնտեսական ու առևտրային գործընթացների վերաբերյալ։ Անդրադառնալով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապի ապահովմանը՝ նա հավելել է.

«Հիմա ուզում եմ ասել նաև, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով, ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ավտոմոբիլային կապը... Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավի և հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը»։

Խոսելով տրանսպորտային ապաշրջափակման տնտեսական հետևանքների մասին՝ վարչապետը հայտարարել է նաև երկկողմ առևտրային գործընթացների մեկնարկի և դրա դրական ազդեցության մասին.

«Ասեմ նաև, որ մենք պատրաստվում ենք Վրաստան–Ադրբեջան երկաթուղին օգտագործել նաև արտահանումներ իրականացնելու համար։ Հույս ունեմ՝ առաջիկայում Հայաստանի համար արտահանման հասցե կդառնա նաև Ադրբեջանը։ Իսկ Հայաստանը Ադրբեջանից արդեն ներկրում է նավթամթերք, ինչը մեր շուկայում նավթամթերքի գների նվազման առիթ դարձավ և կոտրեց նավթամթերքի շուկայում տասնամյակներով հաստատված մենաշնորհները»։