Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի և երկրի ղեկավարի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Վստահ եմ, որ այս նոր պաշտոնավարման շրջանում կշարունակեք Ձեր նպաստը բերել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ամրապնդմանն ու մեր պետությունների միջև ձևավորված 30-ամյա առանձնաշնորհյալ հարաբերությունների խորացմանը։
Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր հետևողական ջանքերը՝ ուղղված Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերների հաղթահարմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատմանը»: