ՀՀ ՄՊՀ-ն և Իտալիայի մրցակցային մարմինն համագո...

Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով, աշխատանքային այց է կատարել Հռոմ։ 

ՀՀ ՄՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել իտալացի գործընկերոջ հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN)  մենթորության ծրագրին։

ՄՊՀ նախագահը գոհունակությամբ է խոսել ծրագրի արդյունքներից՝ նշելով, որ Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների միջև ինտենսիվ փորձի փոխանակումը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում կարող է օրինակ ծառայել ICPEN-ի այլ մասնակիցների համար։ Նա հավելել է, որ  օրենսդրական բարեփոխումների փաթեթը, որով Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության համակարգը կհամապատասխանեցվի ԵՄ դիրեկտիվներին, արդեն  երկրորդ ընթերցումն է անցել Ազգային ժողովում և ակնկալվում է, որ մինչև հունիսի վերջ ամբողջությամբ կընդունվի օրենսդիր մարմնի կողմից։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ 2024 թվականի հոկտեմբերին Երևանում Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների ղեկավարները կնքել են համագործակցության  հուշագիր ու երկու երկրների վերոնշյալ գերատեսչությունները վերջին շրջանում ակտիվորեն համագործակցում են։