ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7...

ՄԻՊ ներկայացուցիչները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին։

ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է․

«Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին փաստաբանի կողմից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը Ռուսաստանի Դաշնություն վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանի գտնվելու վայրը և դատավարական կարգավիճակը հայտնի չեն։

Ահազանգից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Ավելի ուշ, պարզվել է, որ Հովհաննես Սահակյանը քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է և տեղափոխվել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայր։

Հունիսի 8-ի վաղ առավոտյան, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՁՊՎ, առանձնազրույց ունեցել Հովհաննես Սահակյանի հետ և քննարկել նրա կողմից բարձրացված հարցերը։

Առանձին հարցեր տեղում լուծում են ստացել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջամտության արդյունքում։

Պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգի, իրավունքներին առնչվող հարցերի հետ կապված ձեռք բերված տվյալները ներկայում ամփոփվում են: Գործի հանգամանքների և անձի իրավունքների ապահովման վիճակի առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմնից։

Ազատությունից զրկված անձի իրավունքների պաշտպանության հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո»։

Նշենք, որ ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ Հովհաննես Սահակյանը, որը Ռուսաստանից Հայաստան էր ժամանել ընտրություններին մասնակցելու նպատակով, հայտարարել էր, որ եկել է ընտանիքի հետ և քվեարկության օրն իսկ վերադառնալու է Ռուսաստան, որպեսզի ինքն ու ընտանիքը բարդությունների առաջ չկանգնեն Հայաստանում իրավիճակի հնարավոր լարվածության պատճառով։ 

Հուլիսին 8-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ  ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն, Հովհաննես Սահակյանը, հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող  հանցագործության մասին՝ չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։ Նա ձերբակալվել է։