ՀՀ խորհրդարանը պարտավոր է արձագանքել Շուշիի հ...

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը առաջարկում է արձագանքել հունիսի 15-ին բռնազավթված Շուշիում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից ստորագրված, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրին», որն ամբողջությամբ հակահայկական բնույթ ունի։

«Ենթադրվում է, որ Հայաստանը պետք է ընդունի Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը, պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումից պետական մակարդակով ու հարցը պետք է տեղափոխվի պատմաբանների քննարկման տիրույթ, ինչը մեզ համար անընդունելի է»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց Թևանյանը։

Պատգամավորը նշեց, որ սա տարօրինակ է այն առումով, որ ներկայումս որդեգրված քաղաքականությունը՝ հայ-թուրքական հարաբերությունները ձևավորել առանց նախապայմանների, ոչ մի կերպ չի համընկնում Թուրքիայի խորհրդարանի այն վարքագծին, որով նրանք վավերացրել են այդ հռչակագիրը:

 «Այդ հռչակագիրը նշանակում է, որ Թուրքիան ոչ միայն նախապայմաններն է առաջ մղում, այլ այդ նախապայմանների իրագործումը համարում է իր պետական քաղաքականության հիմնաքարերից մեկը։ Չարձագանքել այս որոշմանը մեր խորհրդարանը չի կարող, և մենք պատրաստ ենք համապատասխան հայտարարության տեքստը ներկայացնել: Մենք պարտավոր ենք արձագանքել այդ որոշումներին»,- ասաց Թևանյանը: