ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Արցախում ա...

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»  ՊՈԱԿ-ի և  «Դիզակ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում կազմակերպվել է  «Գուպար» խորագրով ազգային ավանդական խաղերի մրցույթ:

«Արմենպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝ արդեն երրորդ անգամ կազմակերպվող ազգային ավանդական խաղերի մրցույթին մասնակցել է Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի և Շուշիի և Շահումյանի շրջանները ներկայացնող 7  թիմ:

Մեզ հետ զրույցում «Դիզակ Արտ» մշակութային ՀԿ գործադիր տնօրեն Երազիկ Հայիրյանը կարևորել է ազգային ավանդական խաղերի վերականգնմանն ու պահպանմանը  միտված այս ձևաչափը։

«Ազգային խաղերը հազարամյակների պատմություն ունեն, իսկ   Արցախում վերջին տարիներին աշխույժ ընթացք է ստացել դրանց վերականգնումն ու կիրառումը նմանատիպ միջոցառումների շրջանակներում: Պետական երիտասարդական ծրագրով  կազմակերպվող  ազգային ավանդական խաղերը մեծ ոգևորությամբ են ընդունվում մասնակիցների և հանրության կողմից: Դրանք ազգայինի պահպանման գաղափարի շուրջ երիտասարդներին համախմբելուն են ծառայում: Մասնակիցները նաև հնարավորություն են ունենում շփվել միմյանց հետ, ստեղծել միջհամայնքային կապեր և հետագա  համագործակցության հիմքեր»,- ասաց Հայիրյանը։

Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը խոսքով ազգային խաղերն արտացոլում են  հայկական ավանդական կենցաղն ու կենսակերպը։

«Մասնավորապես՝  «Կոխ»-ը ռազմի խաղ է, մյուսները՝ տնտեսական այս կամ այն երևույթին են առնչվում: Այս միջոցառումը  հայրենասիրական դաստիարակության ձևերից է՝  հատկապես ներկա պամաններում, երբ մեր նյութական և  ոչ նյութական ժառանգությունը գտնվում է մեծ մարտահրավերների առջև»,- նշեց  Լեռնիկ Հովհաննիսյանը՝ կարևորելով ազգային խաղերի հանրահռչակումը  հատկապես երիտասարդների շրջանում։

Ընդհանուր առմամբ  կազմակերպվել է 4 ազգային ավանդական խաղի մրցույթ, որի արդյունքում առաջին տեղն է զբաղեցրել Ասկերանի շրջանի թիմը, երկրորդը` Քաշաթաղի, երրորդ տեղը Հադրութի թիմը, որոնք արժանացել են դրամական պարգևների:

Ներկա էր նաև Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը։