ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է Հայ ավան...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը, հանդիպումը մեկնարկել է համերգային միջոցառմամբ, որի ընթացքում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողները հանդես են եկել գործիքային և վոկալ կատարումներով: 

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և նշել, որ հանդիպումը նպատակ ունի քննարկել ոլորտին առնչվող հարցերը՝ համատեղ լուծումներ գտնելու և բաց երկխոսություն ծավալելու նպատակով:

Նախարարի տեղակալի խոսքով՝ նախարարությունը կարևորում է հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ոլորտի զարգացումը՝ այս համատեքստում մատնանշելով պետական հոգածության ներքո գործող խմբերի՝ Ազգային նվագարանների պետական նվագախմբի, «Ակունք» ազգագրական համույթի, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի, Պարի պետական և «Բարեկամություն» անսամբլներում գործող ժող. գործիքների համույթների գործունեությունը:  

Նախարարի տեղակալն առանձնակի շեշտել է այս ոլորտի կրթական բաղադրիչը՝ նշելով, որ ժողովրդական գործիքների ուսուցումը սկսվում է վաղ հասակից՝ երաժշտական դպրոցներում, շարունակվում՝ կոնսերվատորիայում։ Ըստ նրա՝ շատ կարևոր է ավանդական երաժշտության գրավիչ մատուցման միջոցով  հետաքրքրություն առաջացնել երեխաների շրջանում՝ հայ ազգային գործիքների և ավանդական երաժշտության նկատմամբ: 

«Հայ ավանդական երաժշտությունը և գործիքները հանրահռչակելու և աշխարհում տարածելու համար անհրաժեշտ է շեշտը դնել կրթական գործընթացների և ոլորտն առավել գրավիչ դարձնելու  քայլերի վրա»,- նշել է նախարարի տեղակալը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք հարցեր՝ հայ ավանդական երաժշտության ուսուցման, հայկական ժողովրդական նվագարանների կատարողական արվեստի հետագա զարգացման, ուսուցման նոր մեթոդների կիրառման, կրթության շարունակականության ապահովման, ավանդական երաժշտության վերաբերյալ ուսումնական գրականության, միջմշակութային համագործակցության, արտերկրում հայկական երաժշտության տարածման, հանրահռչակման և այլնի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ավանդույթների մշակութային նշանակությանն ու ժամանակակից աշխարհում դրանց դերակատարությանը: 

Այս համատեքստում ուսանողները նշել են, որ ժողգործիքների ուսանողական երիտասարդական անսամբլ ձևավորելու մտադրություն ունեն։ Դանիել Դանիելյանը, ի պատասխան, նշել է, որ հարթակների տրամադրման հարցում  նախարարությունը պատրաստակամ է աջակցել երիտասարդ կատարողներին։ 

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը նշել է, որ ուսանողների ու դասախոսների կողմից հնչեցրած բոլոր հարցերն ու առաջարկությունները կգույքագրվեն՝ լուծման ուղիներ նախանշելու և առաջիկայում նորից համատեղ քննարկելու նպատակով:

Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնում դասավանդում է 25 դասախոս, սովորում է 145 ուսանող: