ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը մ...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Վրաստան՝ երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։

Պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը:

Վրաստան աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին» հուշագիր, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր՝ Երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև:

Եվս մեկ հուշագիր կստորագրվի Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջև համագործակցության վերաբերյալ:

Աշխատանքային այցի ընթացքում կստորագրվի նաև «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարության միջև Հայաստանում և Վրաստանում փոխադարձ մշակույթի օրերի անցկացման մասին» փոխըմբռնման հուշագիր:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ