ՀՀ կառավարությունը հրաժարվում է հրապարակել ԱՄՆ-ից արտաքսված քաղաքացիների թիվը։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։
Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ ԱՄՆ-ն հատուկ չվերթով Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների։
«Արտաքսված քաղաքացիների վերաբերյալ մանրամասներ իմանալու համար մենք գրավոր մի քանի հարց էինք ուղղել ՀՀ ներքին գործերի նախարարությանը.
Նշված չվերթով քանի՞ քաղաքացի է ժամանել Հայաստան, ի՞նչ կարգավիճակ ունեն նրանք, արդյոք բոլորն ունեն ՀՀ քաղաքացիություն,
Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո քանի՞ նույնանման չվերթ է եղել դեպի ՀՀ, քանի՞ քաղաքացի է տեղափոխվել Հայաստան,
ԱՄՆ-ն տեղեկացրե՞լ է, թե քանի քաղաքացի է նախատեսում հարկադիր վերադարձնել ՀՀ։
Նույն հարցերի պատասխանը փորձել էինք ստանալ նաև ԱԳՆ–ից։ Արձագանքել է ՆԳՆ–ն, բայց մենք մեր հարցերի պատասխանն այդպես էլ չենք ստացել։
«Հայտնում ենք, որ օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություններ վերադարձվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն, որը ենթակա չէ հրապարակման»,– ասված է ՆԳՆ–ի պատասխանում»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է անօրինական միգրանտներին արտաքսելու խոշոր գործողություն իրականացնելու մտադրության մասին։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմն ավելի ուշ հայտնեց, որ երկրի տարածքից 3 միլիոն միգրանտ է արտաքսվել, որոնցից 2,2 միլիոնը կամավոր հեռացել են «ինքնաարտաքսման» ծրագրով։



