
Հայաստանի կառավարությունը հերքել է կասկածելի ծագմամբ Periodista Digital կայքի հրապարակումը Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ։
«Որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է։ Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար հարթակ ծառայելու փաստերով։
Նշված հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները հստակ ձևակերպված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այդ հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ անդրադարձ է ունեցել ս/թ հուլիսի 16-ի մամուլի ասուլիսում։
Լրատվամիջոցներին և հանրային շրջանակներին հորդորում ենք զերծ մնալ նմանատիպ ապատեղեկատվության տարածումից և օգտվել բացառապես պաշտոնական ու վստահելի աղբյուրներից»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հերքման տեքստում։