
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ չափագրման ծառայություններ մատուցող ընկերության տնօրենն օժանդակել է ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի տեղակալի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն, ինչպես նաև անձամբ կաշառք է տվել ՊՆ պաշտոնատար անձին:
Այսպես՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար քաղաքացու կողմից ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացված դիմումը քաղաքաշինական փաստաթղթերին չհամապատասխանելու հիմքով մերժվելուց հետո վերջինս հարցի լուծման համար դիմել է վերը նշված ընկերության տնօրենին: Նա էլ, իր հերթին, դիմել է Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին, ով խնդիրը կարգավորելու համար պահանջել է 1.500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Հարցի շուրջ համաձայնության գալուց հետո պաշտոնյան քաղաքացուն ուղղորդել է նոր դիմում ներկայացնել կոմիտե՝ այլ հիմքերով:
2024 թվականի նոյեմբերի 14-ին քաղաքացին պահանջված 1.500 ԱՄՆ դոլարը տվել է ընկերության տնօրենին, ով նույն օրը 1.000 ԱՄՆ դոլարը Կադաստրի կոմիտեի աշխատակցի միջոցով փոխանցել է վերը նշված պաշտոնատար անձին, իսկ մնացած գումարը տնօրինել է անձամբ: Արդյունքում՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ին անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կատարվել է:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նույն ընկերության տնօրենն իր աշխատակցին հերթական վարժական հավաքին մասնակցելուց ազատելու համար 2024 թվականի հոկտեմբերին 100.000 ՀՀ դրամ կաշառք է տվել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման պետին: Արդյունքում՝ վերը նշված աշխատակիցը փաստացի ազատվել է վարժական հավաքներից:
Ապօրինի վարձատրություն տալու, ստանալու, դրան օժանդակելու, ինչպես նաև կաշառք տալու և ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ ՀՀ կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաներին, ինչպես նաև ընկերության տնօրենին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: