ՀՀ իշխանությունների աշխարհագրական գիտելիքները...

Ինձ մոտ այն տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունների աշխարհագրական  գիտելիքները, էլ չեմ խոսում աշխարհաքաղաքականի մասին, իսպառ հօդս են ցնդել կամ կարկանդակի և եգիպտացորենի հետ կերվել են։ Այս մասին, այսօր՝ մարտի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այն տպավորությունն է, որ Հայաստանից մի 100 մետր հարավ ոչ մի բան տեղի չի ունենում, որևէ արձագանք չկա, որևէ դիրքորոշում չկա։ Ես չգիտեմ՝ արդյոք Հայաստանի իշխանությունները ինչ-որ ծրագրավորում իրականացրե՞լ են, եթե օրինակ սահմանը երկար ժամանակ փակ լինի, ի՞նչ ազդեցություն դա կունենա մեր տնտեսության վրա, եթե հազարավոր փախստականներ Հայաստան գան, ի՞նչ ազդեցություն դա կունենա Հայաստանի վրա։ Մարդիկ ամեն ինչ թողած իրենց վերընտրության հարցերով են զբաղվում։

Առնվազն պետք է արձագանքել, քանի որ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ են զոհվել, եղբայրական, բարեկամական Իրանի ժողովրդին պետք է նաև վերաբերմունք ցույց տալ և ցավակցություն հայտնել։

Այնտեղ մենք ունենք մեծ հայկական համայնք, և ես չգիտեմ հայկական համայնքի հետ կապված, այդ մարդկանց անվտանգության հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկել։ Ամեն դեպքում պետությունը պետք է ունենա նման ռեզերվային ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչեն, երբ իրավիճակը ուղղակի ստանդարտից շեղվում է»,–ասաց նա՝ հիշեցնելով, որ Իրանը տասնամյակներ շարունակ, նաև պատերազմի ժամանակ Հայաստանի համար փրկօղակ է եղել արտաքին աշխարհին կապվելու համար։

Անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը պատերազմ է ուզում, ուզում է երկիրը ներքաշել պատերազմի մեջ, Արթուր Խաչատրյանը հակադարձեց. «Ընդդիմությունը խաղաղություն է ուզում, պեռաշկի կուկուռուզ իրենք են ուզում, իրենց ուզեցածը ընդամենը պեռաշկին և կուկուռուզն է։ Ի՞նչ է նշանակում՝ ընդդիմությունը ուզում է պատերազմ։ Ընդդիմության ժամանակ պատերազմը բռնկվե՞ց, «Հայաստանը և վերջ», անվախ դիրքի ազատագրում, տասնյակ մարտական խաչեր, պար, տամբլտուշի Շուշիում։

Պատերազմն հանդարտ վիճակ, այ հիմա մենք այդ հանդարտ վիճակում ենք գտնվում։ Պատերազմի ավարտի մեր տեսլականը այլ է, այսինքն պետք է լինի մարտնչող կողմերի նվազագույն, լեգիտիմ շահերի պաշտպանություն, արժանապատիվ խաղաղություն, այլ ոչ իրենց նման կապիտուլյացիա»,–ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը այս իրավիճակում պետք է ունենա ռեզերվային պլանավորում. «Պատկերացրեք վաղը 50000, 100000 հոգի Իրանից գալիս է Հայաստան, ունե՞ն իրենք կարողություն, ծրագիր պաշտպանելու։ Այնտեղ հայեր կան, տարհանման ծրագիր ունե՞ն, թե պատասխանատվությունը մենակ Արաքսի ափով վերջանում է։ Վարչապետը էր ընտրվել, գնացել էր Իրան, ընդունել էին Իրանի Արարատ մշակութային միությունում, բա հիմա այդ մարդկանց պետք է այսպես ձեռքերը լվանա մի կողմ անցնի՞»։